ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
23.08.2018 11:54 |
բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, շրջանի դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկապարտեզների վարիչներ: Մինչ խորհրդակցության աշխատանքներին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուսումնական տարվա ընթացքում կյանքից հեռացած գործընկերների հիշատակը: Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը և ներկայացրեց 2017-18 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: -Ուսումնական տարին բարենպաստ էր հաջողությունների, ձեռքբերումների առումով: Արժեքների վերաիմաստավորման այս փուլում քիչ չեն նաև մեր անելիքները: Մենք պետք է ձերբազատվենք համակարգում առկա իներցիաներից, դասավանդման ավանդական մեթոդներից, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները հասցնենք նոր որակական մակարդակի, նախադպրոցականների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականների համար ապահովենք առանձնահատուկ պայմաններ, իրականացնենք ծրագրային պահանջները: 2017-2018 ուսումնական տարում գործող 32 հանրակրթական դպրոցների կարգավիճակի փոփոխություն է կատարվել: Սարդարաշենի միջնակարգը վերակազմավորվել է հիմնականի, Ուղտասարի հիմնականը` միջնակարգի, իսկ Ջրաղացների մասնաճյուղ դպրոցը ` հիմնականի: Շրջանում գործում են 24 միջնակարգ, 9 հիմնական դպրոցներ: 5 մասնաճյուղ դպրոցներ են գործում Սառնաղբյուր, Հիլիս, Փառուխ, Արմենակավան, Մոշխմհատ համայնքներում: Անցած ուսումնական տարվա նախօրեին որոշակի աշխատաքներ են տարվել Սառնաղբյուրի կրթօջախը հիմնականի վերակազմավորելու ուղղությամբ: Այդ հարցն այսօր էլ օրակարգում է: Շենքային պայմանները և աշակերտական կոնտինգենտի թվաքանակն այդ հնարավորություններն ընձեռնում են:Եթե ԱՀ ԿԳՆ-ի կողմից ցուցաբերվի աջակցություն, կարծում եմ կհաջողվի այն իրականացնել: 2017-2018 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներ են հաճախել 2448 աշակերտ, որը 78 աշակերտով ավելի է անցած ուսումնական տարուց: Վերջին 5 տարիներին արձանագրվել է աշակերտների թվաքանակի աճի միտում: Ուսումնական գործընթացն իրականացնում են բարձրագույն կրթությամբ` 660 և միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 15 ուսուցիչներ, իսկ սպասարկման ոլորտում ընդգրկված են 314 աշխատողներ: Առաջնորդվելով դպրոցներում թափուր տեղերը մրցույթային կարգով համալրելու հրամանով, օգոստոսի 23-30-ը, մրցույթի անցկացման նոր կարգի համաձայն, զինղեկի, հայոց լեզվի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, դաստիարակի թափուր տեղերի համար, կկազմակերպվեն մրցույթներ, սակայն պետք է նշեմ, որ եթե Խնածախի և Այգեստանի դպրոցների զինղեկների, Հարավի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչի թափուր տեղերի համար դիմել են 4 և ավելի ուսուցիչներ, ապա Խնապատի և Նախիջևանիկի կրթօջախների մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար դիմորդներ չեն գրանցվել: Թվով 8 ուսուցիչներ /մրցութում հաղթած/ օգտվում են ԼՂՀ կառավարության կողմից ընձեռնված հավելավճարներից: Անցած ուսումնական տարիներին Նորագյուղի, Խնապատի, Իվանյանի նախադպրոցական հիմնարկներում կազմակերպվել են դաստիարակի թափուր տեղերի մրցույթներ, իսկ այս ուսումնականում` Ակնաղբյուրում: Պետական նախադպրոցական հիմնարկներում ընդգրկված են 293 նախադպրոցականներ: Ասկերանի և Խնձրիստանի հովանավորչական մանկապարտեզներ են հաճախում 124 նախադպրոցականներ: Նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների թիվը կազմում է շրջանի նախադպրոցական տարիքի երեխաների /1730/ 24 տոկոսը: Նոր մանկական հիմնարկ է կառուցվում Շոշում: Սարուշենի մանկապարտեզի շենքը պատրաստ է, գույքը՝ տեղադրված, հուսանք, որ նոր ուսումնականում երեխաների ընդգրկման գործընթացը կսկսվի: Նախատեսված է նաև նոր նախադպրոցական հիմնարկ կառուցել Այգեստան համայնքում: Խնապատի և Ակնաղբյուրի մանկական հիմնարկները տեղակայված են դպրոցական շենքերում: Հուսանք, որ հետագայում նոր նախադպրոցական հիմնարկներ կբացվեն նաև շրջանի մյուս համայնքներում: Ասկերանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները 2017-2018 ուսումնական տարում հիանալի նվեր ստացան` աշխատանքներն սկսելով հարամարավետ, բոլոր հարմարություններով ապահովված վերանորոգված շենքում: Այսօր կենտրոնում գործում է 36 խումբ` 380 երեխաների ընդգրկմամբ: Խմբակներ են գործում Ասկերանի, Խնապատի, Իվանյանի, Նախիջևանիկի, Նորագյուղի, Այգեստանի, Բերքաձորի, Հովսեփավանի, Շոշի, Ավետարանոցի, Պատարայի, Ակնաղբյուրի համայնքներում: Ընթացիկ ուսումնական տարում համընդհանուր տեսչական ստուգումներ են անցկացվել Պատարայի և Խանցքի դպրոցներում, կատարված աշխատաքներին տրվել են համապատասխան գնահատականներ: Խնապատի, Շոշի, Այգեստանի, Խնածախի, Կամիր գյուղի կրթական հաստատություններում ևս պետք է կազմակերպվեն տեսչական ստուգումներ ու մեթոդական օգնություն: Ընթացիկ ուսումնական տարում շրջանի 105 ուսուցիչների ընդգրկմամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Ինչ խոսք, նշված 105 ուսուցիչներն անցան նաև ատեստավորման փուլը: Տեսնենք, թե նրանցից քանիսը կձգտեն ստանալ որակավորման տարակարգ: Այսօր տարակարգ ստանալու մեծ մրցակցություն է Պատարայի և Նորագյուղի միջնակարգ դպրոցներում, ինչը և´ողջունելի է, և´խրախուսելի: Գաղտնիք չէ, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի նպատակը շարունակում է մնալ սովորողների աշխատասիրության, բարձր պատասխանատվության, համակողմանի զարգացման առաջնայնության ապահովումը: Այս առումով ձեռքբերումները գոհացուցիչ են: Օլիմպիադայի շրջանային փուլին մասնակցած 383 դպրոցականներից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած 55 աշակերտներ զբաղեցրել են մրցանակային 11 տեղեր: Հանրապետությունում օլիմպիադայի արդյունքներով զբաղեցրել ենք առաջին տեղը. դա և´պատիվ , և´պարտավորեցնող, այսուհետ իրավունք չունենք դրանից ցածր հարթակ զբաղեցնելու: Շեշտեմ, որ հաղթանակներն ապահովել են Ակնաղբյուրի, Սզնեքի, Ասկերանի, մասամբ Նորագյուղի և Պատարայի դպրոցականները: Ինչ ասել մյուս մանկավարժական կոլեկտիվների մասին, արդյոք ժամանակը չէ՞ զգաստանալ և սթափ մտածել, թե համակերպվել «կխոսեն, կանցնեն» կարգախոսին: ԿԳՍՆ ԳԹԿ-Ի կողմից արտաքին ընթացիկ ստուգումները /դեկտեմբեր և ապրիլ ամիսներին/ ևս նպաստում են բարձրացնելու մանկավարժների, սովորողների պատասխանատվությունը: Տնօրենների խորհրդակցություններում խորությամբ վերլուծություն է կատարվում` ստուգումների արդյունքների ուղղությամբ: 2017թ. դեկտեմբերի 5-ի արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքներով մասնակցած 701 աշակերտներից անբավարար են ստացել 143-ը կամ մասնակիցների 21%-ը: 529 աշակերտներ կամ մասնակիցների 75%-ը ստացել են 4-8 միավոր: 9 և10 միավորներ են հավաքել 29 աշակերտ: 2018 թվականի ապրիլի 18-ի գնահատումների արդյունքներով 520 աշակերտից 157-ը կամ մասնակիցների 30%-ը ստացել են անբավարար գնահատական: Նման ցուցանիշ առաջին անգամ է գրանցվել գնահատումների ամբողջ ընթացքում: Շրջանի դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ասմունքի, շարադրությունների, ստեղծագործող աշակերտների, պատանի նկարիչների մրցույթներին: Աշակերտներն ակտիվորեն են մասնակցել նաև Արցախյան շարժման 30-րդ ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղին /Խնապատի, Ակնաղբյուրի, Իվանյանի, Ավետարանոցի, Ասկերանի, Նորագյուղի, Նախիջևանիկի, Խրամորթի դպրոցները/: Ընթացիկ ուսումնական տարում շրջանում անց են կացվել 9 մարզական առաջնություններ: Այդ առաջնություններին ակտիվ մասնակցել են Ասկերանի, Նորագյուղի, Խաչենի, Խնձրիստանի, Իվանյանի, Խնապատի, Պատարայի, Ակնաղբյուրի կրթական հաստատությունների աշակերտները: Շրջանի հավաքական թիմերը՝ ըստ մարզաձևերի հանրապետությունում գրավել են տարբեր մրցանակային տեղեր: Նշեմ, որ ակտիվությամբ է կազմակերպվել նաև դպոցականների ամառային հանգիստը: Կրթության բաժինն անելիքներ ունի դպրոցներում ղեկավար կադրերի սերնդափոխության նախապատրաստական աշխատանքներում: Մտահոգության տեղիք է տալիս նաև մի շարք դպրոցներում տիրող բարոյահոգեբանական վատառողջ մթնոլորտը: Ղեկավարները և մանկավարժները սթափ մտածելու կարողություն պետք է ցուցաբերեն, ոչ թե առիթ-անառիթ ստեղծեն բախումների, վեճերի, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտ: Դասղեկական աշխատանքների պլանում պետք է նախատեսել բնակավայրերի պատմության ուսումնասիրումը և դպրոցներում տեսանելի տեղերում ունենալ գյուղի պատմության մասին վկայող տեղեկություններ: Նախադպրոցական հիմնարկների աշխատաքները հստակեցնելու նպատակով, գտնում ենք, որ պետք է համապատասխան հաստիք նախատեսել: Հասունացել է նաև 5-օրյա աշխատանքային ռեժիմի անցնելու հարցը, ինչպես նաև կրտսեր դպրոցներում երկարօրյա խմբերի ձևավորումը: ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարին ստանձնած պաշտոնի համար՝միաժամանակ շեշտեց, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, քանի որ շատ հարցերում համակարծիք են: -Փաստ է, որ այս տարիների ընթացքում կրթության ոլորտում կատարվել են հսկայական աշխատանքներ, առաջնահերթ է դարձել դպրոցաշինության խնդիրը, համայնքներում կառուցվում են դպրոցական նոր շենքեր: Այսօր փոփոխությունների ժամանակաշրջան է, կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ և միանում ենք նոր կրթակարգին: Այսօրվա աշակերտը խիստ տարբերվում է 10 տարի առաջվա աշակերտից: Փոխվել է նաև ուսուցչի, դպրոցի դերակատարությունը: Ինքնին փաստ է, որ ուսուցչի աշխատանքը գնահատվում է արդյունքով: Աշխատանքի արդյունքը պետք է գնահատվի նաև, թե ինչպիսի մարդ է դաստիարակվում դպրոցում և որքանով է նա պատրաստ կյանք մտնելուն: Իհարկե, ռազմահայրենասիրական դաստիարակությունը միշտ ուշադրության կենտրոնում է, սակայն պետք է կարողանանք փոխել մեր մոտեցումները և մտածենք նոր սերնդին գիտելիքներ տալու հետ մեկտեղ, այնպես անել, որ նա սիրի սեփական համայնքը, մտածի շենացնել այն և լավ մարդ դառնա: Այսօր մեր խնդիրն է, որ կարողանանք պատրաստել նոր սերնդի ուսուցիչներ, շատ քիչ տնօրեններ գիտեմ, որ ցանկություն ունեն լավ մասնագետներ ներգրավել, այլ ուսուցիչներին նայում են որպես աշխատողներ և ապահովում նրանց սոցիալական վիճակը: Այս ձևով չենք կարող տալ որակյալ կրթություն: Գիտենք դեպքեր, երբ ուսուցիչներն արգելք են հանդիսանում երեխաներին հիմնական դպրոցից հետո որևէ արհեստ սովորելու հարցում, քանի որ մտածում են դասաժամերը պահպանելու մասին: Մինչև չփոխենք այս համակարգը, չենք հասնի նոր ձեռքբերումների: Դպրոցի տնօրենները պետք է շահագրգռվեն ուսուցիչների թափուր տեղերը լավագույն մասնագետներով համալրելու և աշխատեն գործել անաչառ ու անկողմնակալ: Այս ուսումնականում Ասկերանի շրջանը առարկայական օլիմպիադաներում գրավել է առաջին տեղը, սակայն օլիմպիադան չպետք է դառնա գերնպատակ: Դպրոցը պետք է պարտադիր ներդրում ունենա նաև համայնքի կյանքի բարգավաճման հարցում: Ցանկացած երկիր զարգանում է իր ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ, երեխաների համար ստեղծենք այլընտրանք, մանկուց նրա մեջ առաջացնենք ձեռներեցության ջիղը, հետաքրքրություն դեպի գյուղատնտեսությունը, որը կարևոր է մեր երկրի համար: Կարևոր է նաև երեխաների համար ստեղծել շփման հնարավորություն, ինչու չհամագործակցել Սփյուռքի դպրոցների հետ: ԱՀ ԿԳՍ նախարարն անդրադարձավ նաև նոր ուսումնականից դպրոցը 5-օրյա դարձնելու, երկարօրյա պարապմունքների համար խմբեր ձևավորելու հարցերին և առաջարկեց ծնողական կոմիտեների հետ տեղերում քննարկել, համաձայնության գալ և ներկայացնել առաջարկությունները: Նա ավելացրեց նաև, որ նախադպրոցական հիմնարկների ստեղծման առումով ևս ահագին աշխատանքներ են կատարվել, սակայն ոչ բոլոր համայնքներում կան նախակրթարաններ: Պետք է մտածել, թե որ համայնքում է ավելի նպատակահարմար մանկապարտեզ ունենալ: ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը ևս անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ միաժամանակ շեշտեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել աշակերտի գնահատականներին, որոնք մեծ մասամբ ուռճացված են և աշակերտները չեն կարողանում պահպանել, իսկ դպրոցների տնօրեններին հորդորեց աշխատանքի ընդունել լավ մասնագետներին՝չառաջնորդվելով խնամի, ծանոթ ու բարեկամ կապերով: Նշենք, որ խորհրդակցությունն անցավ անկեղծ, ազատ և ակտիվ մթնոլորտում: Բարձրացվեցին բազում հարցեր, որոնց տրվեցին համապատասխան պատասխաններ: Վերջում շրջվարչակազմի ղեկավարը կարգադրեց տնօրեններին կատարել համապատասխան հետևություններ և մեկ տարի հետո հանդիպել նոր ձեռքբերումներով ու նոր գործելավոճով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |