06.05.2012 20:02

Ասկերանում լույս տեսնող ՙԲերդ՚ թերթը հիմնադրվել է 1979 թվականին՝ ՙԿարմիր դրոշ՚ անվամբ, ապա վերանվանվել է ՙԽաչեն՚-ի, իսկ 1995 թվականից՝ ՙԲերդ՚-ի։ Այդ ընթացքում թերթն ունեցել է մի շարք խմբագիրներ (Կոմիտաս Դանիելյան, Արարատ Բարսեղյան, Վարդգես Օվյան, Լիլիա Բաղրյան,  Վալերի Պետրոսյան, Նելսոն Ավանեսյան), խմբագրի տեղակալներ ու լրագրողներ (Կիմ Գաբրիելյան, Սվետլանա Խաչատրյան, Սլավիկ Միրզոյան, Նորեկ Գասպարյան, Դավիթ Միքայելյան, Բենիկ Ղարախանյան, Սամվել Հակոբյան, Իրինա Ավետիսյան, Անահիտ Պետրոսյան, Իլոնա Դանիելյան, Նելլի Մելքումյան, Լիլիթ Ասրյան, Ալիսա Մարտիրոսյան, Գայանե Մելքումյան, Կարինե Բախշիյան եւ ուրիշներ)։

10 տարի թերթը խմբագրել է արձակագիր Կոմիտաս Դանիելյանը։ 1995 թվականից առայսօր (3 տարի ընդմիջումով) թերթի գլխավոր խմբագիրն է Վալերի Պետրոսյանը։
Դեռեւս ժամանակին հայաստանյան լրագրող Նելլի Սահակյանը ՙԱզգ՚ թերթում (22.12.1995թ.) իր ՙՙԲերդը՚ կարիք ունի աջակցության…՚ հոդվածում նկատել է. ՙԱսկերանի շրջանի նախկին ՙԽաչեն՚ թերթը, որը երկար ժամանակ չէր տպագրվում, սկսել է լույս տեսնել ՙԲերդ՚ վերանվանմամբ։ Այն անկախ, հասարակական-քաղաքական թերթ է։ Նյութերն աչքի են ընկնում իրենց թեմատիկ բազմազանությամբ։ Տեղեկատվական, քաղաքական, ինչպես նաեւ գյուղաշխարհը, մարդկանց առօրյա հոգսերն ու ցավը ներկայացնող  նյութերի կողքին կարելի է կարդալ նաեւ պատմական, գիտական բնույթի նյութեր, ծանոթանալ արվեստի նվիրյալների կյանքին ու գործունեությանը։ Շատ նյութեր հայերեն լեզվով առաջին անգամ այստեղ են տպագրվում։ Թերթն ունի նաեւ հումորի բաժին։ Բաժնի նյութերը համեմված են ղարաբաղյան բառ ու բանով։ Մի առանձնահատկություն եւս, որը բնորոշ է ՙԲերդ՚-ին՝ դա լուսանկարների առատությունն է։ Ի դեպ այն թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արգասիքն է։ Բազմիցս լինելով ռազմի դաշտում, իր ընկեր-զինակիցների կողքին, նա լուսանկարչական ապարատի միջոցով հավերաժացրել է անկրկնելի պահերը՚։
ՙԲերդ՚-ը բարի անուն է վաստակել ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի հայաբնակ որոշ քաղաքներում։ Թերթն աչքի է ընկնում գեղեցիկ ձեւավորմամբ ու նյութերի բազմաբովանդակությամբ։

Թերթն այսօր էլ իր ուղին շարունակում է նոր շնչով, հայեցի բովանդակությամբ  եւ պատվով կատարում իր դերը՝ արդարացնելով ընթերցողների սպասելիքները։
Թերթի հիմնադիրն է Ասկերանի շրջանի վարչակազմը, հրատարակիչը՝ ՙԱսկերանի բերդ՚ փակ բաժնետիրական ընկերությունը։ Լույս է տեսնում ամիսը 2 անգամ, 1000 օրինակ տպաքանակով։