ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆԵՐ
23.02.2018 22:52

Փետրվարի 22-ին Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում բացվեց Ասկերանի ՙԲերդ՚ շրջանային թերթի խմբագիր  Վալերի Պետրոսյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ, գրող-հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, ճանաչված ֆոտովավերագրող Գերման Ավագյանը, լրագրողներ, մտավորականության այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը շնորհավորեց Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, տոն, որ բոլորինս է: Մաղթեց, որ լինենք նույն ոգեպինդ, լավատես, մարտնչող  ժողովուրդը:

Նա նշեց, որ Վալերի Պետրոսյանը 88-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին հանրահավաքի առաջին և միակ լուսանկարիչն էր, որը կատարում էր հատուկ առաջադրանք: Նա շնորհակալություն հայտնեց Վ. Պետրոսյանին, որ, լինելով Շարժման ընդհատակյա մասնակիցներից, բավականաչափ փաստագրական նյութ է ստեղծել: Ասաց, որ տեսել է լուսանկարչի հարուստ արխիվը, որի յուրաքանչյուր ժապավենի վրա նշված են իրադարձության օրը, վայրը: Այդ լուսանկարները, որոնց թիվը տասնյակ հազարների է հասնում, ընդգրկում են Շարժման առաջին օրից մինչև Արցախյան պատերազմի տարիները, մինչև 2016-ի ապրիլ: Նրա լուսանկարները շատերն են օգտագործել` չիմանալով անգամ ով է հեղինակը, որն իր համեստությամբ մնացել է աննկատ: Կ. Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ Արցախի ժուռնալիստների միությունը նախաձեռնել է Վ. Պետրոսյանի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում ու նաև` Սփյուռքում: ՙԴա կլինի մեր կողմից հարգանքի դրսևորում մեր գործընկերոջ, Արցախյան գոյամարտի փաստավավերագրի նկատմամբ, որպեսզի նա նաև իր հեղինակային իրավունքն ունենա: Իհարկե, նա դրա կարիքը չունի, բայց մենք գիտենք, որ պատմության համար պետք է լինեն հեղինակներ՚,- ասաց նա:

Տեղի սղության պատճառով շատ լուսանկարներ չեն ցուցադրվել (ի դեպ, դրանք միշտ մնալու են միության գրասենյակում), կարևորն այստեղ քանակի   ցուցադրությունը չէ, այլ որ դրանք կոնկրետ փաստեր են, որոնց ամբողջացումով կստեղծվի Շարժման պատմությունը: Ցուցահանդեսում ներկայացված են առաջին հանրահավաքներից եզակի լուսանկարներ, Արցախից Երևան մեկնած առաջին պատվիրակությունը, որն այնտեղ էլ է կազմակերպել առաջին հանրահավաքը, և որի մասին քչերը գիտեն: Այդ լուսանկարներով լրագրողները, տարեգիրներն ի հայտ կբերեն նոր անուններ, և կճշտվեն շատ փաստեր: Օրինակ` պարզորոշ երևում է, թե ովքեր են եղել փետրվարի 13-ին տրիբունայում, ինչի համար, Վ. Պետրոսյանի խոսքով, այսօր ՙպայքարում՚ են շատերը: Կ. Գաբրիելյանը, ի նշան երախտագիտության և հարգանքի Վ. Պետրոսյանի վաստակի, նրան պարգևատրեց Արցախի ժուռնալիստների միության պատվոգրով` հույս հայտնելով, որ նա առաջիկայում կարժանանա պետական բարձր պարգևի:

ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ներկայացնելով Վ. Պետրոսյանին, ասաց, որ նա մեծացել է հայրենասերների ընտանիքում: Հոր` երջանկահիշատակ Հակոբ Պետրոսյանի (որն այն տարիներին Նորագյուղի կոլվարչության կուսկազմակերպության քարտուղարն էր) աշխատասենյակում է անցկացվել 1988թ. փետրվարի 1-ի գաղտնի ժողովը, որտեղ Ասկերանի նախաձեռնող խումբը` Սլավիկ Առուշանյանի գլխավորությամբ, Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի մասնակցությամբ, բանաձև է ընդունել կոլեկտիվներում ժողովների անցկացման մասին, և մշակվել օրինակելի որոշման նախագծի կետերը, որպեսզի Շարժումը դուրս գա ընդհատակից և կրի համաժողովրդական բնույթ: Նրանց տանն է եղբայրներից Վիտալի Պետրոսյանը` հետագայում Արցախյան պատերազմի նահատակ, գրել փետրվարի 13-ի ցուցապաստառներից մեկը` ՙՀայկական հողերը` հայերին՚` հայերեն և ռուսերեն: Ի դեպ, ցուցահանդեսը  հենց այդ լուսանկարով է բացվում: Երբ ցուցապաստառը պատրաստ էր, Վալերին նրա տակ լուսանկարել էր եղբորորդուն` Սևանին ու հետագայում դրան միացրել նրա` ապրիլյան պատերազմում լուսանկարը:

Ա. Գաբրիելյանն անդրադարձավ նաև փետրվարի 22-ի դեպքերին` ասելով, որ այդ օրը նշվում է որպես Ասկերանի վերածննդի օր, քանի որ 30 տարի առաջ այդ օրն  ասկերանցիները կարողացան ետ մղել Աղդամից տասնյակ հազարների հասնող թուրք խաժամուժին:

Պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը շեշտադրեց, որ համաժողովրդական բնույթի շնորհիվ Շարժումը հասավ իր նպատակին: Նա անդրադարձավ Արցախյան շարժման հիմնական մոտեցումներին` դա ընկալելով որպես դարակազմիկ երևույթ: Նրա տեսակետով` Շարժումը պետք է դիտարկել հայ-թուրքական բազմադարյան պայքարի համատեքստում, երբ Թուրքիան փորձում էր հաստատվել այս տարածաշրջանում: Դա պետք է ամրագրել, քանզի այսօր էլ Թուրքիայի դեմ մեր պայքարը դեռ առջևում է. մեր պատմական հայրենիքի մեծ մասը Թուրքիան զավթած պահում է: Արցախյան շարժումը շարունակվում է: Պայքարը միտված է մեր վերջնանպատակին` պատմական հայրենիքին վերատիրելուն: Նա անդրադարձավ խորհրդանշական փետրվարի 22-ին, քանի որ այդ օրը կատարվեց մի դեպք, որը դարձավ մեր Շարժման ռազմական փուլի մանրակերտը: Ադրբեջանը փորձեց ուժի դիրքից ահաբեկել Արցախի ժողովրդին, որը կարողացավ դիմագրավել թշնամուն, ետ շպրտել ու այդպես` մինչև 1994թ. հրադարարը, որը պահպանվեց մինչև 2016 թվականը: Նույն բեմագրով տեղի ունեցան մյուս իրադարձությունները. թշնամին փորձում է ուժի դիրքից լուծել իր խնդիրը, բայց մեր կողմից ստանում է արժանի հակահարված: Պատմաբանի խոսքով` այս սկզբունքային մոտեցումը մեզ պետք է նաև այն առումով, երբ այսօր փնտրտուքի մեջ ենք, թե ինչպես պետք է կարգավորվի հակամարտությունը. լուծումը մեկն է` պետք է հակառակորդին պարտադրենք մեր կամքը, այլ եղանակ չկա:

Մ. Հարությունյանն նշեց, որ Վ. Պետրոսյանի կողմից ֆոտոտարեգրության ստեղծումը հիրավի գնահատանքի է արժանի: ՙԻրո°ք, մեծ գործ է արվել, որովհետև ինչքան էլ գրվեն, իրադարձությունները յուրովի մեկնաբանվեն, ֆոտոփաստն ամեն դեպքում անառարկելի վկայություն է, որը բոլոր լեզուներով հասկանալի, տեսանելի է բոլորին՚,- ասաց նա` առաջարկելով հրատարակել Վ. Պետրոսյանի լուսանկարների ալբոմը տարբեր լեզուներով: ՙԱյսքան տարիներ այդ լուսանկարները փոքր չափաբաժիններով հասել են հասարակությանը, որը խոսում է ինչպես մեր գործընկերոջ համեստության, այնպես էլ այն մասին, որ ժամանակը դեռ չէր հասունացել այդ մեծ գործը գնահատելու համար: Շարժման 30-ամյակը լավ առիթ է՚,- ասաց Մ. Հարությունյանը` նաև ընդգծելով Վ. Պետրոսյանի խիզախությունը, քանի որ բոլորին հասկանալի է, թե ինչպիսի համարձակություն էր պահանջվում այն ժամանակ. կարող էին նաև լուսանկարներն օգտագործել մեր դեմ...

Ֆոտովավերագրող Գերման Ավագյանի համար Վալերի Պետրոսյանը հայտնություն էր: Այս երեսուն տարվա մեջ նա երբևիցե չի լսել նրա անունը և, իմանալով ցուցահանդեսի մասին, շտապել է ներկայանալ: Նա նույնպես ընդգծեց Վ. Պետրոսյանի խիզախությունը` հիշեցնելով, որ Շարժման առաջին զոհը Խաչիկ Զաքարյանն էր, որը 1988թ. հուլիսին լուսանկարում էր Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցած ցույցը: Նմանները միշտ առաջին գծում են լինում:  ՙԵս նույն զգացումն ունեմ, ինչ ուներ Կոլումբոսը, երբ հայտնաբերեց Ամերիկան: Ես ինձ համար հայտնաբերեցի Վալերիին և նրա լուսանկարները՚,- ասաց Գ. Ավագյանը:

Ս. Ղարաբաղցյանը նույնպես կարևորեց ֆոտոփաստի դերը իրադարձությունների անաչառ ներկայացման առումով:

Պատգամավոր Վարդգես Բաղրյանի գնահատմամբ` Վ. Պետրոսյանի լուսանկարներն անգին գոհարներ են. ՙՄիգուցե մենք դրանց այսօր այդ կարևորությունը չենք տալիս, ինչ իրականում իրենցից ներկայացնում են, բայց վստահ եմ` տարիների հետ այդ նկարներն է°լ ավելի մեծ արժեք են ստանալու: Եվ աչքի լույսի պես պետք է պահել՚: Նա պաշտպանեց դրանք հրատարակելու հնչեցրած գաղափարը: ՙՄեծ գործ է կատարված, բայց այդ մեծ գործը պետք է նաև կարողանանք տարածել: Ջրի կաթիլը քար է ծակում. անընդհատ պետք է ասել և չհոգնել: Պարտվելու է նա, ով հոգնելու է այս պայքարում: Պարզապես մենք հոգնելու իրավունք չունենք՚,- ասաց նա:

Լրագրող Ծովինար Գրիգորյանը, որն այդ տարիներին աշխատում էր Ասկերանի թերթում, եղել է այդ օրերի տարեգիրն ու ակտիվ մասնակիցը: Նրա պնդմամբ` փետրվարի 13-ի հանրահավաքը ճշմարտացիորեն չի ներկայացվում: Շրջանցվում, ընդհանրացվում են շատ փաստեր: Իհարկե, առաջնության դափնին չպետք է տալ որևէ մեկին, բայց միևնույն ժամանակ փաստերն ինչպես կան, այնպես պետք է ներկայացվեն: Բացի դրանից, նա բարձրացրեց փետրվարի 22-ը հանրահռչակելու հարցը: Փետրվարի 22-ին թուրքերի հարձակումն Աղդամից ասկերանցիները հերոսաբար դիմագրավեցին: ՙՄենք խոսում ենք Սումգայիթի մասին, որ պետք  է արժանի գնահատական ստանա, բայց   փետրվարի 22-ը նշում են միայն Ասկերանում: Թուրքերի նպատակն էր հասնել մինչև Ստեփանակերտ: Եթե հասնեին, իրենց ճանապարհին ամեն ինչ ջարդուխուրդ անեին, տներ, գործարաններ ավերեին, ինչպես Ասկերանում են արել, մի քանի հայ սպանվեր, այն ժամանակ արդեն կողբայինք ու կկարևորեինք: Բայց այն հերոսության մասին, որ արեցին ասկերանցիները և շրջակա գյուղերի բնակիչները, չի խոսվում, շրջանցվում է կամ էլ խոսվում է հպանցիկ: Դա գազազած խառնամբոխին կանգնեցնելու առաջին դեպքն էր: Առաջին անգամ զենք օգտագործվեց, որից վախեցավ թշնամին: Հենց այդ կրակոցի շնորհիվ հնարավոր եղավ դիմագրավել նրան: Շարժման ղեկավարները նույնիսկ դեմ էին զենքին, քանի որ հավատում էին կուսակցությանը, բայց ավելի շրջահայաց մարդիկ հասկացան, որ պետք է զենք օգտագործել՚,- ասաց Ծ. Գրիգորյանը` պնդելով, որ նորագույն փուլի պատմությունը շարադրելիս անպայման ուշադրություն դարձվի այդ պահերին, և փետրվարի 22-ը նշվի համաղարաբաղյան մակարդակով, ոչ թե միայն Ասկերանի:

Այնուհետև Վ. Պետրոսյանը պատմեց, թե   ինչպես է ստացվել, որ ինքն է եղել առաջին հանրահավաքը լուսանկարողը: Այն տարիներին նա աշխատում էր Ասկերանի ՙԿարմիր դրոշ՚ թերթում` որպես ֆոտոթղթակից: Ինչպես հայտնի է, այդ ժամանակ խմբագրության շենքը դարձել էր ընդհատակյա շարժման շտաբ:

Փետրվարի 12-ին շրջաններում տեղի ունեցած հանրահավաքները Ստեփանակերտում շարունակություն պիտի ունենային: Նա պատմեց, որ 12-ի երեկոյան նախաձեռնող խումբը հավաքվել էր խմբագրությունում, որտեղ նրա ղեկավար Սլավիկ Առուշանյանն իրեն ասել է, որ հաջորդ օրը Ստեփանակերտում հանրահավաք են անցկացնելու, պատրաստ գա նկարի, հետո հանրահավաքի կեսից դուրս գա, որ հասցնի նկարները հանել և նույն օրն ուղարկել Երևան` Իգոր Մուրադյանին, նա էլ այնտեղից Մոսկվա` Գորբաչովին: Այդպես էլ արել է: 18 x 24 չափսի 20 լուսանկար է հանել, և նույն օրը Սլավիկ Միրզոյանի կինը` Էվելինա Աղաջանյանը (այսօր շրջանի սոցապահովության տարածքային բաժնի պետն է), նկարներն իր մարմնի վրա թաքցրած, կապի շրջանային հանգույցի պետ Մարատ Հակոբջանյանի մեքենայով Լաչինով հասցրել է Երևան: Այդ ժամանակ Վալերին նաև առանց ձայնի կինոապարատ է ունեցել, որով նույնպես նկարահանել է հանրահավաքը ու դա էլ ուղարկել: Երկար տարիներ այն Մոսկվայում կորած է եղել, բայց տեղը մոտավորապես գիտի:

Այնուհետև տեսնելով, որ փետրվարի 13-ի հանրահավաքը Երևանում արձագանք չի գտնում, նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը որոշում է պատվիրակություն ուղարկել` այնտեղ հանրահավաք կազմակերպելու, ժողովրդին արթնացնելու նպատակով: Ղարաբաղը ներկայացնող ասկերանցիներից կազմված պատվիրակությունը փետրվարի 19-ին մեկնում է Երևան: Մեկ օր առաջ Սլավիկ Միրզոյանն էր գնացել և Իգոր Մուրադյանի հետ նախապատրաստական աշխատանք տարել: Օպերայի հրապարակում բնապահպանության հարցով ցույցը ղարաբաղցիների այցով փոխեց բնույթը` ի պաշտպանություն Ղարաբաղի: Եկան Սիլվա Կապուտիկյանը, Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը: Սիլվա Կապուտիկյանը ելույթ ունեցավ հանրահավաքում և ղարաբաղցիների այցն անվանեց պատմական: ՙՄինչև երեկո օպերայի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար՚,-  հիշում է Վալերին: Պատմում է, որ լուսանկարելու համար հեռացել է մինչև Թումանյանի արձանը, բայց ժողովրդի խտությունից չի կարողացել ետ դառնալ: Ցուցարարները, իմանալով, որ Ղարաբաղի պատվիրակությունից է, ձեռքերի վրա նրան հասցրել են տրիբունայի մոտ: Վալերին ամբողջովին նկարել է այդ և հաջորդ օրվա հանրահավաքները: Երկրորդ օրն առավոտյան ընկերոջ` Շիրին Ասլանյանի հետ դուրս է եկել նկարելու, բռնել են` կարծելով, թե թուրքերի համար են աշխատում: Համոզվելու համար, որ հայ են, հարցրել են, թե ով է Խրիմյան Հայրիկը: Վալերիի ճիշտ պատասխանից հետո նոր միայն բաց են թողել նրանց: Ի դեպ, մի  անգամ էլ Ստեփանակերտի հրապարակում են նրա հանդեպ կոպիտ վերաբերվել: Գիշերը, երբ նա բարձրացել էր ՙՂարաբաղ՚ հյուրանոցի (այժմ` ՙԱրցախբանկ՚) տանիքը, որ այնտեղից լավ կադր անի (ձեռքինը 800-ռուբլանոց լայնֆորմատ ապարատ էր), ֆոտոապարատի հանկարծակի լուսարձակումից մի խումբ մարդիկ վրա են տվել, ձեռքից ապարատը խլել, ժապավենը հանել, կտրտել` մտածելով, թե լրտեսություն է  անում, մինչև Վալերիին ճանաչող մարդիկ եկել և ազատել են: Բայց նա այս միջադեպից չէր վիրավորվել. ՙԴա ճիշտ արարք էր, նշանակում է` զգոն էին՚,- վերհիշում է Վալերին:

Պատվիրակությունը, Երևանում իր առաքելությունը կատարած համարելով, հաջորդ օրը` փետրվարի 21-ի կեսօրին վերադարձել է, և փետրվարի 22-ին կանգնել Աղդամից եկող գազազած ամբոխի դեմ...

Ուրիշ շատ դեպքերի մասին էլ պատմեց Վ. Պետրոսյանը` այդ ամենի մեջ իր կատարածն արտառոց չհամարելով: ՙԵս իմ գործն եմ արել, ամեն մեկն իր ներդրումն է ունեցել մեր Շարժման մեջ, իմն էլ լուսանկարելն էր՚,- ասաց նա:

Իհարկե, ռիսկային պահեր եղել են, բայց այն ժամանակ նա չի մտածել այդ մասին: Նրա համար առավել դժվարն այդ լուսանկարները պահելն էր: Հնարավոր վտանգներից զերծ պահելու համար որտեղ ասես որ դրանք չի թաքցրել` հողի մեջ, տանիքի տակ և այլուր: Այսօր էլ դրանք թվայնացնելու տեխնիկական խնդիրներ կան, որոնց լուծման համար դժվարությունների առաջ է կանգնած:

30 տարիների փորձություններով անցնելով` այսօր այդ լուսանկարները դարձել են   հասարակության սեփականությունը և, անկասկած, առատ լույս կսփռեն Շարժման տարեգրության վրա:

 

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter