ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
25.07.2016 15:18

Սկսած 2009 թվականից ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություններից տասնյակ երիտասարդներ պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով այցելում են Արցախ եւ տարբեր բնակավայրերում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ կազմակերպում: Արցախում այս ամառ ևս կյանքի կոչվեցին պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ:
Այդ ճամբարներն արդեն ավանդույթ են դարձել և բազմաթիվ պատանիներ ամեն ամառ անհամբեր սպասում են իրենց բարերարներին, ովքեր պատանիների շրջանում ամառային հանգստը բազմաբովանդակ կազմակերպելով՝ մատաղ սերնդին

ավելի են մոտեցնում հայոց պատմությանը, անում այն ամենը, որպեսզի վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու հայրենասեր լինի:

Ամերիկայի արևմտյան շրջանների և Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով հուլիսի 11-ից 21-ն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց պատանեկան ճամբար: Ճամբարում ընդգրկված էին  9-ից 16 տարեկան շուրջ 150 երեխա շրջկենտրոնից և հարակից բնակավայրերից։ Նրանց հետ աշխատում էին ԱՄՆ-ից ժամանած 15 երիտասարդ՝  պատասխանատու ընկերուհի Թերեզայի գլխավորությամբ: Խումբն  առաջնորդվում էր  հատուկ ծրագրով, որում ընդգրկված էին երգի ուսուցման, անգլերենի, ինչպես նաև հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում էին նաև մտային խաղեր, մարզանք, սպորտային մրցույթներ:

Ինչպես նշում են ճամբարի կազմակերպիչները ճամբարի նպատակը ոչ միայն երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ կազմկերպելն է, այլև Արցախ - Սփյուռք կապերի, ազգային ավանդույթների ամրանդմանն է ուղղված, նրանց կազմակերպվածություն և կարգապահություն սովորեցնելը։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է մասնակցում Արցախ աշխարհի շենացմանն ու բարգավաճմանը, քանզի քաջ գիտակցում են, որ դա է հզոր հայրենիք կետրելու ճշմարիտ ճանապարհը։
Ասկերանի մշակույթի և երիտասադրության կենտրոնը հուլիսի 21-ին ճամբարականներին անակնկալ մատուցեց՝ հրավիրելով նրանց մշակույթի տուն՝ կազմակերպված ազգային, հայրենասիրական համերգին մասնակցելու, ծանոթանալու շրջանի մշակույթին կյանքին։ Ողջունելով հյուրերին կենտրոնի երիտասարդության հարցերի կազմկերպիչ Նինել Գաբրիելյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը։
-Ապրիլյան դժնդակ օրերից հետո դժվար է ապրել երգով ու ծիծաղով, քանզի հայ զինվորի կորուստը մեծ ցավ է ապրեցնում։ Թերթելով մեր պատմության էջերը տեսնում ենք, որ հայ զինվորն իր հավատով ու աննկուն կամքով շարունակում է երգել իր հայրենասիրությունը, իր կամքը, իր անձնազոհությունը հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի,- ասաց Ն. Գաբրիելյանը բեմահարթակը տրամադրելով §Բերդ¦ համույթին։
Կենտրոնի երգիչների ազգագրական և հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումները մեծ բավականություն պատճառեցին երիտասարդ հանդիսականներին, ովքեր միասնության շուրջպար էին բռնել։ Այսպիսի աշխուժություն մշակույթի տունը, թերևս, երկար ժամանակ է ինչ չէր տեսել։
Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը մշակույթը բացարձակ արժեք է և Ասկերանի մշակույթի կենտրոնը կոչված է այդ արժեքները պահպանելու, տարածելու և մեր ազգաբնակչությանը բարձրակարգ մակարդակով այն մատուցելու համար։
-Իմանալով, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում այս հրաշալի երիտասարդների կողմից ճամբար է կազմակերպվել, որոշեցինք Ամերիկայից ժամանած մեր հյուրերի համար համերգային ծրագրով հանդես գալ։ Միջոցառումը նվիրված է Արցախի անկախության 25-ամյակին և ավելի շատ ունի ճանաչողական նպատակ։ Մշակույթը կուսակցություն և քաղաքականություն չի ճանաչում, և ըստ իս անցողիկ են շքեղ դղյակներ ու մերսեդեսներ, սակայն մշակույթն ապրում ու տարածվում է, և ազգը գոյատևում է հոգևոր արժեքներով։ Արցախը մշակույթի ու արվեստի երկիր է, իսկ արվեստի մի անբաժանելի մասնիկ են կազմում երգն ու երաժշտությունը։ Մեր նպատակն այս գեղեցիկ ու անչափ անմիջական երիտասարդներին արցախյան խոսքին ու մշակույթի մի մասնիկին ծանոթացնել էր։ Եվ կարծում եմ մեզ հաջողել է,- ասաց Ռ. Գրիգորյանը։
Ռ. Գրիգորյանը ճամբարի պատասխանատու ընկերուհի Թերեզային Ասկերանի մասին պատմող սկավառակ նվիրեց։ Անկասկած մշակույթի տնից ճամբարականները հեռացան իրենց հոգիներում տանելով անթեղված կրակ հայրենիքի, հայրենասիրության ու հայկական մշակույթի հանդեպ։
Ճամբարական 10 օրերը երեխաների ու նրանց առաջնորդների համար այնքան բազմաբովանդակ ու հագեցած էին ու նրանք այնքան էին իրար կապվել, որ անխուսափելի բաժանումը ցավ էր պատճառում բոլորին։
Հուլիսի 21-ի օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչներ, ծնողներ։
Ճամբարի առաջնորդների համար այս ճամբարն առաջինն էր, ու նրանք մեծ փորձ ձեռք բերեցին այս օրերի ընթացքում։ 15 ուսանողներ իրենց սրտերում ունենալով մեծ հայրենասիրություն ու ազգին նվիրվածություն ջանք ու եռանդ չխնայեցին ճամբարականներին մեր մշակույթին ծանոթացնելու, ազգասիրության ու միասնության գաղափարներով ոգեշնչելու, նրանց մատաղ հոգիներում բարու ու լավի սերմերի ցանելու համար։
- Սփյուռքն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ձեր թիկունքին միշտ պատրաստակամ կանգնած են օգնության ձեռք մեկնելու, սատարելու ցանկացած հարցում։ Այս ճամբարի գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի մատաղ սերունդը հասկանա ու կարողանա պայքարել իր նպատակների համար, ինչպես որ մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում միշտ պայքարում ենք Արցախի անկախության, Հայոց ցեղասպանության ճանաչման, և առհասարակ օտար ափերում մեր ձայնը՝ հայ ազգի ձայնը լսելի դարձնելու համար։ Սիրելի երեխանե՛ր, այս 10 օրերի ընթացքում դուք կարողացաք արդարացնել մեր հույսերը և մենք շարունակ հպարտացել ու հպարտանում ենք ձեզանով։ Եվ այժմ շատ հուզված ենք և չենք ուզում հրաժեշտ տալ ձեզ, սակայն Արցախի ու Հայաստանի այլ շրջաններում մեզ ևս սպասում են,- ասաց ճամբարի պատասխանատու ընկերուհի Թերեզան։
Խոսելով ապրիլյան պատերազմից նա կարևորեց ամեն մի զինվորի դերն ու նշանակությունն Արցախի սահմանների պաշտպանության գործում։ Իսկ ճամբարականներից Լուսինեն ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին ձոնված բանաստեղծություն արտասանեց։
Ընկերուհի Թերեզան նաև շնորհակալության խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են Ասկերանում ճամբարի կազմակերպմանը։
Ճամբարականները շարվել էին երեք շարքով՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Յուրաքանչյուր խումբ իր խմբավարների հետ ներկաների համար երգերցին այս օրերի ընթացքում սովորած հայրենասիրական երգերից՝ ելույթն սկսելով յուրահատուկ նշանաբանով։
Ալյոշա Գաբրիելյանը ճամբարի առկայությունը շրջկենտրոնում կարևորում է երեխաների հանգիստն ու ժամանացը հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու տեսանկյունից։ Միաժամանակ՝ ճամբարում հաճելին համատեղվում է օգտակարի հետ՝ այն է երեխաներին հայրենասիրական ոգի ներարկելը, հայ ժողովրդի հերոսական պատմությանն անդրադառնալը։
- Հպարտանում եմ նայելով այս երիտասարդներին, ովքեր ամբողջ տարին Միացյալ Նահանգներում աշխատում են, որպեսզի ամռան ընթացքում կարողանան գալ Հայրենիք և իրենց լուման, նպաստը բերեն հայկական երկու հանրապետություններին։ Դրանով նպաստելով Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության ամրապնդմանը։ Այսօրվա սերնդի առաջ խնդիր կա դրված, պաշտպանել նախնիների արյունով գծված սահմանների։ Հայը պարտավոր է լինել կամքով ուժեղ և երբևէ չկորցնի իր հավատը: Հենց այս ճամբարի նպատակն էլ դա է,- ասաց Ալյոշա Գաբրիելյանը՝ ՀՅԴ Ասկերանի կոմիտեի անունից շնորհակալություն հայտնելով հայրենասեր կամավորականներին ճամբարը կազմակերպելու, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ ընդառաջելու և աջակցելու համար և դպրոցի տնօրինությանը՝ դպրոցական շենքը տրամադրելու համար։ Ա. Գաբրիելյանի առաջարկով երեխաները միաբերան շնորհակալություն հայտնեցին իրենց ավագ ընկերներին։
Այս 10 օրերի ընթացքում երեխաները կարողացան իրենց հանգիստն անցկացնել հետաքրքիր և նորություններով լի մթնոլորտում: Նրանք արդեն իսկ վարակված են երիտասարդ առաջնորդների անսպառ էներգիայով ու ազգասիրությամբ: Հոգեկան բավարարվածությունն ակնհայտ էր ոչ միայն ճամբարականների այլև կազմակերպիչների մոտ, իսկ անցանկալի բաժանումն ուղեկցվեց արցունքներով։

Հայրենասիրական ոգով դաստիարակելու և հայրենասիրական շունչ ու ոգի մատաղ սերնդին ներարկելու հետ մեկտեղ ճամբարի կազմակերպչները երեխաների համար նաև նվերներ էին պատրաստել՝ խնամքի պարագաներ, գրենական պիտույքներ։ Իսկ ծիրանագույն խմբի ճամբարական Տիգրան Պետրոսյանը ճամբարի կազմակերպիչների համար Արցախը խորհրդանշող հուշանվերներ էր պատրաստել, որոնք հանձնեց ընկերուհի Թերեզային, ասելով, որ սրտատրոփ սպասելու են հաջորդ ամառ իրենց առաջնորդներին գրկաբաց ընդունելու համար։

Ճամբարային հետաքրքիր ու անմոռանալի օրերի ընթացքում պատանիներից շատերը գիտակցելով այն մեծ ու հայրենանվեր գործը, որը կատարում են ՀՅԴ ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին մտնելու դաշնակցության պատանիների միության շարքերը։ Նույն օրն էլ տեղի ունեցավ երկու տասնյակի հասնող պատանիների երդման հանդիսավոր արարողությունը՝ հայոց եռագույնների և դաշնակցության խորհրդանշական դրոշների առջև։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկերները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter