ԽԱՂԱՂ ԵՎ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ ՁԵՁ |
03.06.2016 14:08 |
Ամեն տարի կենտրոնը հանդես է գալիս հաշվետու հանդեսներով, այս տարի այն համընկավ երեխաների համար շատ սպասված ու սիրված տոնի հետ: Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը Ասկերանի ՄՊՍԿ-ն կազմակերպեց իր հաշվետու համերգ-ցուցահանդեսը: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, հյուրեր: Դպրոցի բակը զարդարված էր երփներանգ փուչիկներով և մանուկների տոնն ազդարարող հետաքրքիր պաստառներով: Մինչ միջոցառումն սկսվելը հյուրերը զմայլվեցին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներով, որոնք կատարված էին հմուտ խմբակավարների օգնությամբ: Ամեն մի աշխատանք հիանալի ստեղծագործություն էր` իր յուրօրինակ նրբագեղությամբ , ճաշակով ու խոր իմաստով: Ակնհայտ էր, որ երեխաներն ունեին վառ երևակայություն և շնորք: Ոգեշնչված երեխաների ուրախությանը չափ չկար: Օրն իրենցն էր, և նրանք ցանկանում էին ամեն ինչով զարմացնել ու հիացնել հյուրերին: Նրանց անմեղ ծիծաղն ու կարկաչը փոխանցվում էր մեծերին և նրանց տանում դեպի մանկության անհոգ ու երանելի օրերը: Ասես մի կախարդական հեքիաթում լինեինք, որտեղ անպայման հաղթելու էր լավն ու բարին: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի փոխտնօրեն Նելլի Ասլանյանը. -Մանկության տարիները մեր կյանքի ամենաքաղցր տարիներն են, և որքան հեռանում ենք դրանից, այնքան ավելի մեծ է դառնում այնտեղ վերադառնալու ձգտումը: Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Արցախում այսօր նշվում է երեխաների պաշտպանության օրը, իսկ երեխաների իրավունքների մասին մենք պետք է մտածենք ոչ միայն հունիսի 1-ին, այլև ամեն օր: Քանզի առողջ և ազատ սերունդն է, որ կարող է դառնալ Արցախի պատվարժան և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի: Երեխաները ծաղկեցնում են մեր ներկան, պարուրում մեզ հոգեզմայլ երջանկությամբ և ապրեցնում վաղվա հույսով: Թող բոլոր մանուկները մեծանան տաքուկ ընտանիքներում`շրջապատված ծնողական անփոխարինելի սիրով: Թող երկինքը լինի միշտ խաղաղ և այդ երկնային լազուրում խաղաղության աղավնիները ճախրեն ազատ ու անվախ: Թող ոչ մի մանուկ պատերազմ չտեսնի… Կենտրոնի սաները հանդես եկան ազգային և ժամանակակից պարերով`մեծ բավականություն պարգևելով հյուրերին: Իսկ Այգեստանի մասնաճյուղի պարի խմբակի կատակ-պարը ծիծաղի ալիքներ բարձրացրեց հանդիսատեսի մոտ: Իվանյանի մասնաճյուղի սաներն իրենց կատարումներով ցույց տվեցին այն գնահատելի աշխատանքը, որ կատարվել է խմբակավարի գլխավորությամբ: Բոլոր պարերն էլ օրինակելի էին և գեղեցիկ`առանձնապես աչք էին շոյում սաների ազգային տարազները: Երեխաների ասմունքը նվիրված էր հայրենիքին, հայ զինվորին և խաղաղությանը: Նրանք երազում էին անհոգ մանկություն, կապույտ և անամպ երկինք: Հետաքրքիր էր նաև թատերարվեստի խմբակի ներկայացումը`փոքրիկները մեզ ցույց տվեցին, թե ինչպես է թխվում հայկական ավանդական թոնրահացը: <<Հացի շնորհանդես>> բեմականացումը կոչված էր պահպանելու արցախյան հինավուրց ավանդույթները` որպես ժողովրդի հազարամյակների պատմության խոսուն փաստեր: Փոքրիկներն անվարժ ձեռքերով հաց <<թխեցին>> և հյուրասիրեցին հյուրերին` մաղթելով, որ հայի սեղանից անպակաս լինի հացը: Երեխաները գիտեին, որ հաց բառն ամեն ինչ է`սիրալիրություն, անկեղծություն, մտերմություն, սրբություն: Վերջում անցկացվեցին տարբեր խաղեր ու մրցույթներ: Միջոցառման մասնակից բոլոր երեխաները շրջվարչակազմի ղեկավարի կողմից հյուրասիրվեցին պաղպաղակներով: Ինչ խոսք, այդ օրը մանուկների անմեղ աչքերը փայլում էին անափ երջանկությունից: Օրվա տպավորությունները վառ էին, իսկ ապագայի հանդեպ ակնկալիքները` ակնառու: Չէ որ մենք տեսանք այն սերնդին, որը խրոխտ քայլով առաջ է շարժվելու և դառնալու իր նախորդի արժանի հերթափոխը… Թերևս, դա կլինի կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանի և ողջ աշխատախումբի նվիրական աշխատանքի արդյունքը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |