ԼՂՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
12.06.2012 13:31

 Մայիսի 23-ին Ասկերանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում կայացավ ՙԼՂՀ համայնքները մշակութային խաչմերուկում՚ խորագրով մրցույթը։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ՙԱրվեստի եւ ժողովրդական ստեղծագործությանՙ բաժնի պետ Լ.Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ.Ավանեսյանը, առաջատար մասնագետ Ռ.Հայրապետյանը: Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռ. Մկրտչյանը: Նա ողջունելով մասնակիցներին ու ներկայացնելով գնահատող հանձնաժողովի կազմը` միաժամանակ նշեց, որ մրցույթի նպատակն է շրջանում աշխուժացնել մշակութային կյանքը, պահպանել ազգային ավանդույթներն ու սովորությունները, թարմացնել գյուղական մշակույթի տներում գործող գեղարվեստական ինքնագործ խմբակների աշխատանքները, ի հայտ բերել շնորհալի երեխաներ: 
 Մշակութային խաչմերուկում հանդիպեցին Նորագյուղի, Խնածախի, Աստղաշենի, Իվանյանի, Խնապատի, Այգեստանի, Նախիջեւանիկի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Խնձրիստանի թիմերը:
 Մրցույթը կազմակերպվեց երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները ներկայացրին մշակութային խճանկար, որում ամեն մեկը յուրովի պատկերեց իր համայնքը` ներառելով երգ, երաժշտություն, պար, ասմունք, թատերարվեստ, հումոր, հնարամիտ լուծումներ: Թեմայի ընտրությունն ազատ էր, ելույթի տեւողությունը 20 րոպե: Ամեն մի թիմ կարողացավ իր ելույթով հետաքրքրության եւ ուրախության ալիք բարձրացնել դահլիճում: Տաղանդաշատ երեխաները նոր բացահայտումներ էին բոլորի համար: Զգացվում էր, որ համայնքների մշակույթի տներում գործող գեղարվեստական ինքնագործ խմբակները նոր թափ են վերցրել ու ակտիվորեն են աշխատում:
 Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացրին իրենց համայնքը բնորոշող տաղավարներ: 
Մրցույթն անցավ անկաշկանդ եւ ակտիվ մթնոլորտում: Օրը լի էր անակնկալներով եւ կարեւոր այդ միջոցառումը կայացավ:
 Գնահատող հանձնաժողովի ամփոփիչ արդյունքներով մասնակից տասնմեկ թիմերից այս տարվա աշնանը մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեց Նորագյուղի, Նախիջեւանիկի եւ Ակնաղբյուրի թիմերը: 
 Հաջողություններ մաղթենք մեր շրջանը ներկայացնող մասնակիցներին հանրապետական մրցույթում եւ հույս հայտնենք, որ նրանք հանդես կգան պատշաճ մակարդակով եւ բարձր կպահեն Ասկերանի շրջանի անունը:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ










































































































































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter