ԱՍՏՂԱՇԵՆ. ՄԻՇՏ ԱՐԺԱՆԻ ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
08.06.2012 17:50

 Մեր հերթական այցելությունն այս անգամ դեպի արցախյան հին գյուղերից մեկն էր` դեպի գեղատեսիլ եւ յուրակերպ Աստղաշեն: Գյուղ, որն իր առանձնահատուկ պատմությունն ունի: Խորհըրդային տարիներին այստեղ բավականին ադրբեջանական ընտանիքներ էին ապրում ու երեւի նպատակ ունեին լրիվությամբ զավթել հնամենի հայկական գյուղը: Սակայն Արցախյան շարժման հենց ամենասկզբից գյուղը ձերբազատվեց օտարներից ու լիաթոք շնչեց հարազատ օրրանի մաքուր օդը: Աստղաշենցիներն ակտիվ մասնակցություն ունեցան Արցախյան պատերազմին։ 12 հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի ազատության ու անկախության: Եվ այսօր, գյուղը լրիվությամբ վերականգնվել ու ապրում է` լավատեսությամբ լցված: Աստղաշենցիներն աշխատասեր են, հայրենասեր եւ հպարտ: Իսկ, որ հպարտանալու մեծ պատճառ ունեն, գիտեն ամենուր: Հենց միայն այս գյուղն ունի մի փոքրիկ քարաբլուր, ուր կարծես երկնքից աստղեր են թափվել ու վերածվել աստղասարի:  
 Առեղծվածային այս երեւույթը տեսնելու համար աշխարհի տարբեր մասերից մարդիկ են գալիս, հիանում ու զարմանումբնության այս հանելուկով: Տարբեր լեգենդներ են հորինվում, պտտվում: Իսկ աստղաշենցիները հպարտյամբ ասում են. §Այդ աստղերը մերն են, մեր գյուղինը՚: 
 Գյուղում այսօր ապրում է 503 բնակիչ, 40 երեխաներ նախադրոցական տարիքի են: Այստեղ համարյա վերացված են պատերազմի հետքերը եւ բնակչության կենսապայմանները հետզհետե բարելավվում են: Գյուղը լրիվությամբ գազիֆիկացված է, ինչից էլ թեթեւանում են գյուղացիների առօրյա հոգսերը: Գործում է մշակույթի տունը, ուր գյուղի երիտասարդությունը կարողանում է իր հանգիստը լիարժեք վայելել: Տոն եւ հիշարժան օրերին կազմակերպվում են միջոցառումներ, ինչպես դպրոցականների, այնպես էլ դրսից եկող համույթների ուժերով: Գործում է նաեւ արվեստի դպրոց, ուր երեխաները հաճախելով, ակնհայտորեն, հասնում են դրական արդյունքների: Գյուղում մեծ պարտաճանաչությամբ գործում է բուժկետը: Բուժաշխատողները ցանկացած պահի բնակչությանը ցուցաբերում են բուժօգնություն: Նրանց նվիրական աշխատանքները գնահատվում են համագյուղացիների կողմից: 
 Աստղաշենցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Չնայած անցած տարի տեղացած կարկուտի պատճառով գյուղում համարյա բերք չէին հավաքել, սակայն մարդիկ հույսները չեն կտրել եւ շարունակում են մշակել իրենց հողերը: Աստղաշենցիները սիրում են իրենց գյուղը: Այդ է պատճառը, որ չնայած գյուղում առաջնահերթ խնդիր է մնում աշխատատեղերի բացակայությունը, սակայն առանձնահատուկ արտահոսք չի նկատվում: Երիտասարդության մեծ մասը ծառայում է բանակում: Գյուղի զարգացման համար, անշուշտ կարեւոր խնդիր է նաեւ ճանապարհ-ների բարեկարգումը: Բնակչության համար ամենակարեւոր կենսապայման է հանդիսանում ջուրը: Այնինչ հիմնական ջրատարը վերանորոգման կարիք ունի, իսկ ամռան եւ աշնան ամիսներին ժողովուրդը խմելու ջրի լուրջ պակասություն է զգում: 
 Իհարկե, գյուղի հպարտությունը նաեւ Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցն է, որը թողարկել է բազմաթիվ նշանավոր շրջանավարտներ: Մտնելով դպրոցի բակն ու տեսնելով այդտեղ տիրող կարգն ու կանոնը` իսկույն կարծիք կազմեցինք դպրոցի կոլեկտիվի կազմակերպվածության մասին: Միջանցքում նահատակված աստղաշենցիների հիշատակին նվիրված հուշատախտակն է, ուր մշտապես թարմ ծաղիկներ են դրված, իսկ մյուս կողմում` դպրոցի նշանավոր շրջանավարտների պատվո տախտակը: Այստեղ հարգում ու մեծարում են արժանավորներին: 
Կան մարդիկ, որոնց ի սկզբանե տրված է ղեկավարի կոչում: Նրանք կարծես ծնվել են ղեկավարելու, կազմակերպելու, ժողովրդին անձնվիրաբար նվիրվելու համար:
Խոսքս դպրոցի տնօրեն Սլավա Արշակի Գրիգորյանի մասին է: Մի անձնավորության, որ տարիներ ի վեր աշխատելով եւ շփվելով մարդկանց տարբեր խավերի հետ` միշտ էլ կարողացել է Մարդ կոչմանն արժանի մնալ:
 Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ հարցազրույցը դպրոցի տնօրեն Ս. Գրիգորյանի հետ.
 -Պարոն Գրիգորյան, ինչ մակարդակի վրա են դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները:
 -Պետք է նշեմ, որ ուսումնական տարին ավարտում ենք նորմալ հաջողություններով: Ապահովված է աշակերտների գիտելիքների միջին մակարդակը: Բավական քանակով դասալսումներ են կազմակերպվում տնօրենի, փոխտնօրենի կողմից, ինչպես նաեւ ուսուցիչների փոխադարձ դասալսումներ: Մեծ ակտիվությամբ գործում են դպրոցի հումանիտար եւ բնագիտական առարկայական մեթոդմիավորումները, որոնց կողմից հաճախակի կազմակերպվում են բաց դասեր: Պարբերաբար կազմակերպվում են մանկխորհի նիստեր, որտեղ քննարկվում են մասնագի-տական եւ մեթոդական բնույթի անհրաժեշտ հարցեր: Բարձր առաջադիմություն է արձանագրվում հիմնականում տարրական դասարաններում եւ 12-րդ դասարանում: Նորմալ վիճակում են գտնվում առարկայական խմբակները, որոնք կազմակերպվում են ծրագրային նյութերին համապատասխան: Ավարտվում է ուսումնական տարին։ Համոզված եմ, որ տարին եզրափակելու ենք բավարար առաջադիմությամբ եւ անհրաժեշտ ձեւով կկազմակերպվեն ավարտական ու փոխադրական քննությունները: Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանը պետք է հանձնի պետական ավարտական եւ միասնական քննություններ, անհրաժեշտ թեստային առաջադրանքներ են տրվել նրանց պահանջվող բոլոր առարկաներից, որպեսզի նրանք ունենան բավարար չափով գիտելիքներ եւ քննությունները հաջողությամբ հանձնեն:
-Արդյոք ապահովված եք մասնագետ-ուսուցիչներով:
 -Ինչ խոսք, դպրոցում դասավանդում են մասնագիտացված, պատասխանատու եւ իրենց գործին նվիրված ուսուցիչներ: Բոլորն էլ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն եւ այդ հարցում ոչ մի խնդիր չունենք: Ունենք միահամուռ եւ գործունյա կոլեկտիվ:
 -Տեսնում ենք, որ ուսուցիչների եւ աշակերտների ուժերով կահավորված են կաբինետները, նաեւ ամենուր տիրում է մաքրություն, կարգ ու կանոն: Շենքա-յին պայմանները բավարա՞ր են արդյոք, որպեսզի ուսումը բնականոն մակարդակով ընթանա:
 -Դպրոցի շենքը կառուցվել է 1949 թվականին եւ առայսօր ոչ մի անգամ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Այսօր շենքային պայմանները բավարար չեն ուսումը մեկ հերթով կազմակերպելու համար: Երկու դասարան կոմպլեկտներ պարապմունքները կազմակերպում են մշակույթի տան շենքում` ոչ հարմարավետ պայմաններում: Այդ պատճառով դպրոցական նոր շենքի կառուցման անհրաժեշտություն է առաջացել: Այսօր այդ աշխատանքները ընթանում են, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ԼՂՀ կառավարությանն ու Ասկերանի շրջվարչակազմին: Հարկ է նշել, որ շինարարների կողմից կատարվում է բարեխիղճ ու նվիրական աշխատանք եւ շինմոնտաժային աշխատանքները կազմակերպվում են շինարարական բոլոր պահանջներին համապատասխան: Հույս ունենք, որ շուտով կտեղափոխվենք նոր շենք եւ կկարողանանք ուսումն ավելի բարձր մակարդակով կազմակերպել: 
 -Ի՞նչն եք կարեւորում գյուղում երիտասարդության ամրապնդման եւ գյուղի հեռանկարային զարգացման համար:
 -Գյուղի ամրապնդման ու զարգացման հարցում կարեւոր նշանակություն կունենա հյուսիս-հարավ մայրուղուց մինչեւ գյուղ հասնող ճանապարհահատվածի խճապատումը: Ճիշտ է, քաղաքաբնակ մեր հայրենակիցների կողմից բավականին աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ, առանձնապես Վիլեն Կարապետյանի, Արմեն Ղահրամանյանի կողմից, սակայն ճանապարհների կարեւորությունը մնում է առաջնային: Լավատեսորեն ենք տրամադրված նաեւ այդ խնդրի լուծման հարցում:
 Հանդիպման վերջում տնօրենը մեզ ծանոթացրեց դպրոցի բարձր դասա-րանցիների եւ ուսուցիչների հետ: Որոշակի հարց ու պատասխանից հետո հասկացանք, որ Աստղաշենի դպրոցում ակներեւ է մատաղ սերնդի հայեցի եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակը: 
 Ինչ խոսք, մենք բավականաչափ տպավորված ենք Աստղաշեն կատարած այցելությունից: Համոզված ենք, որ կլուծվեն գյուղի խնդիրները, եւ մոտ ապագայում Աստղաշենն ավելի կբարգավաճի ու գյուղի երիտասարդությունը կշարունակի մնալ իր գյուղին հավատարիմ ու սիրահարված:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


































































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter