ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
19.09.2023 12:25

Շրջափակման հերթական ծանրագույն օրը ևս խոստումնալից չէ… Այսօր էլ Ասկերանում հացի և ոչ մի փուռ հաց չի թխելու։ Վերջին անգամ ասկերանցիները սեպտեմբերի 16-ին են կտրոնով հաց ձեռք բերել…

Օրհասական  օրերին հացի և այլ մթերքների ձեռքբերումը յուրաքանչյուր ընտանիքի համար դարձել է մեծ նվաճում։ Ասկերանաբնակ Էլլադա Արամյանը Ստեփանակերտում է աշխատում։ Արդեն երրորդ ամիսն է տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով աշխատավայր չի կարողանում հասնել։ Հարկ եղած դեպքում աշխատում է հեռավար, չնայած դրան էլ հովհարային անջատումներն են հաճախ խանգարում։ 280 օր` որից 90-ը լիակատար շրջափակման

պայմաններում խնդիրներ բոլոր առումներով են առաջանում` սնունդ, հիգիենա, տեղաշարժ, ուսում, աշխատանք։ Իսկ առջևում ցրտաշունչ ձմեռն է…

-2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ մեր կյանքի նորմալ ընթացքն այլևս խաթարված է։ Ու չգիտենք` երբևէ այն կվերականգնվի՞։ Վերականգնվի էլ` երբեք չի մոռացվի այն ծանր ապրումներն ու հոգեբանական ճնշումները, որոնց միջով անցնում ենք ամեն օր։ Վերջին շրջանում բոլոր տեսակի մթերքների պակասի հետ նաև Ասկերան-Ակնա ճանապարհահատվածում տեղի ունեցող իրադարձություններն էլ իրենց ազդեցությունն են ունենում ասկերանցիներիս վրա։ Ոչ մի գնով թույլ չտալ ադրբեջական ապրանքների մուտքն Արցախ` ասկերանցիներիս պատվախնդրության հարցն է նաև։ Նույն ճանապարհով տասնամյակներ առաջ` 1988-ի փետրվարի 22-ին ադրբեջանցի խաժամուժը զինված տարատեսակ սառը զենքով փորձում էր հասնել Ասկերան… Ու դժվար չէ պատկերացնել ինչ տեղի կունենար, եթե չլիներ ավագ սերնդի ընդվզումն ու համարձակությունը, ու թերևս այդօրը բախտորոշվեց մեր ճակատագիրն ու անսասան ու ամրակուռ դարպաս Ասկերանն այլևս երբեք չպիտի բացվեր թշնամու առջև… Օրեր առաջ ռուսական բեռնատարն ու այսօր էլ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուղեկցությամբ հումանիտար բեռներ են տեղափոխվել Ակնա-Ասկերան ճանապարհով, ինչը մեզ մոլորեցնել-ենթարկեցնելու քայլ եմ համարում։ Ու այն, որ թշնամին պարբերաբար խաբում՝ մոլորեցնում է միջազգային հանրությանը, իմ համար արտասովոր ոչինչ չկա` ստորությունն ու սին խոստումները նրա բացահայտիչն են, - ասում է Էլլադան։

Չնայած գրենական պիտույքների իսպառ բացակայությանը, համապատասխան հագուստ ձեռքբերելու և առօրեական բազում խնդիրներին` միակ աղջկան ամեն օր դպրոց է ճանապարհում։ Դժվար է, խոստովանում է, սակայն դիմանում են, դիմանում հանուն Արցախը հայկական պահելուն։ Թե չէ 90-ականներին շատերի պես կարող էին ՙհեշտ՚ կյանք այլ երկրներում որոնել։ Բայց նրա ծնողները նախընտրել են պայքարի ճանապարհը։ Եվ ահա երրորդ սերունդն է, որ պատերազմի միջով է անցնում, սակայն ապ ու պապերից ժառանգած սրբացած հողը երբեք չեն մտածել լքել։ Ցավով ու հուզականությամբ է պատկերացնում, թե ինչպիսի դժվարությունների միջով են անցնում բազմազավակ ծնողները։

-Գիտեմ, որ 120 հազար բնակիչ ունեցող, չճանաչված պետությանը կարող են և լուրջ չվերաբերվել, բայց ես ուզում եմ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվի Արցախյան խնդրի կարգավորման վրա, քանզի այստեղ անօգնական երեխաներ ու մեծահասակներ են ապրում, ովքեր հատուկ խնամքի կարիք ունեն։ Մենք էլ բոլորի պես մարդ ենք և ուզում ենք օգտվել մեր հիմնարար իրավունքներից ու ազատություններից` մեր հայրենիքում։ Ինչով են մեղավոր մեր երեխաները, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ զրկված են միրգ ու քաղցրեղենից, սննդարար մթերքներից։ Ինձ խիստ մտահոգում է մեր երեխաների առողջությունը և որպես կենսաբան` պատկերացնում եմ, ինչպիսի բացասական հետևանքներ կարող են ունենալ նման իրավիճակի երկարատև շարունակման դեպքում։ Նման պայմաններում նորմալ կրթություն ստանալն էլ կասկածի տակ է, քանզի թերսնված ուսուցիչն ու աշակերտը ինչպե՞ս կարող են կենտրոնանալ դասապրոցեսի վրա,- մտահոգված է զրուցակիցս` ավելացնելով, որ դեռևս կարողանում է պահպանել լավատեսությունն ու հույսը, որ ինչպես խավարին փոխարինում է լույսը, այնպես էլ մի օր արցախցիներիս համար մի լույս կբացվի։

Տա Աստված բաղձալի այդ օրը շատ չուշանա…

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter