ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
01.09.2023 16:51

Հարգարժան ուսուցիչներ, սիրելի աշակերտներ.
Շնորհավորում եմ նոր՝ 2023-24 ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում, որպեսզի այս ուսումնականի ընթացքն անխոչընդոտ ու հարթ լինի։ Լինի արգասաբեր ու բազմապիսի հաջողություններով լի։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին։
Հարգելի ուսուցիչնե՛ր, արցախահայության համար ճակատագրական այս օրերին ձեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված և համոզված եմ, որ ձեր ողջամտության, շրջահայացության շնորհիվ էլ ավելի մեծ պատվախնդրութամբ և անտրտունջ նվիրվածությամբ եք լծվելու սերունդներին կրթելու պատվաբեր գործին։ Քանզի ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում եղել և մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձևավորված կայուն գիտելիքների փոխանցումը սերունդներին։ Ու ինչքան էլ դժվարին լինեն ժամանակները դուք պարտավորված եք մեր խոհուն հայրերի ազգանվեր գործի շարունակողը լինել եւ մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին։ Ուժ, կորով և ամուր կամք եմ ձեզ մաղթում՝ ժամանակի մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու և հաղթահարելու գործում։
Սիրելի՛ աշակերտներ, հայերիս կյանքում կրթության դերը միշտ էլ արժևորվել և գնահատվել է բոլոր ժամանակներում, քանզի այն կանխորոշել է մեր ապագան։ Գալիքը, ապագան ձերը պիտի լինի ու այն պիտի գա ձեր կայուն և հաստատնուն գիտելիքների տիրապետելու, Արցախ աշխարհը նաև ձեր գիտելիքներով ու կարողություններով ճանաչելի դարձնելու շնորհիվ։ Ուստի ջանք ու եռանդ չպիտի խնայեք ուսումնառության ողջ տարիների ընթացքում՝ հիշելով, որ գիտելիքներով զինված մարդն անպարտ է։
Բարի երթ դեպի նոր ուսումնական։
ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆ
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter