ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԲԱԺՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.11.2022 23:19

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է:
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ՝ շրջանի ուժային կառույցների ղեկավարները և Ասկերանի քաղաքապետն այցելել են ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին և շնորհավորել անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ, գնդապետ Արման Սարուխանյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: Նա համոզմունք է հայտնել, որ անձնակազմն այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները: Միաժամանակ ողջունել է շրջվարչակազմի ղեկավարի յուրահատուկ ուշադրությունը բաժնի հանդեպ և հավաստիացրել, որ այսուհետ ևս փոխհամագործակցությունը կլինի բարձր մակարդակի վրա:
Մասնագիտական օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և թանկարժեք նվերներով։
Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: Նա բարձր է գնահատել պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարևոր ծառայությունը և բաժնի յուրաքանչյուր ծառայողի նվիրական աշխատանքը.
-Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողի մասնագիտական տոնի և շրջբաժնի պետ Արման Սարուխանյանին ԱՀ Նախագահի հրամանագրով գնդապետի կոչում ստանալու կապակցությամբ: Ոստիկանությունն այն կառույցն է, որն իր գործունեությամբ կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Թող մեր ոստիկանները միշտ պատվով կատարեն իրենց ծառայությունները և այն իրականացնեն խաղաղ պայմաններում: Բոլորս քաջատեղյակ ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկաններն անմնացորդ նվիրումով են ծառայել, այսօր էլ շարունակում են նույն պատասխանատվությամբ կատարել իրենց դժվարին ու պատվաբեր գործը: Ասկերանի շրջբաժինը՝ Արման Սարուխանյանի գլխավորությամբ հավուր պատշաճի է իրականացնում իր ծառայությունը:
Համլետ Ապրեսյանը շրջվարչակազմի անունից անբասիր ծառայության համար մի խումբ ոստիկանների պարգևատրեց պատվոգրերով, իսկ շրջբաժնին՝ դրամական պարգևով:
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը հուշանվեր հանձնեց շրջբաժնին:
Տոնդ շնորհավոր, ոստիկան: Թող քո ծառայությունն իրականացվի միայն խաղաղ պայմաններում:
Բերդ թերթ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter